Երեւանում մեկնարկել է "Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը"
16:44 10.08.2012
Երեւանում այսօր մեկնարկել է "Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը": Երկու տարին մեկ անցկացվող խորհրդաժողովը նպատակ ունի քննարկել արտերկրում հայկական կրթօջախների հիմնահարցերը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման եւ զարգացման ուղիները:
Այս տարի քառօրյա համաժողովին մասնակցում է 25 երկրի շուրջ 150 ներկայացուցիչ: Խորհրդաժողովի մասնակիցներն այս անգամ կքննարկեն կադրերի պատրաստմանը եւ վերապատրաստմանը, փորձի փոխանակմանը, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաեւ Սփյուռքում իրականացվող ազգային կրթադաստիարակչական այլ միջոցառումներին վերաբերող հարցեր:
Խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ընթերցել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:
"Հայոց պետականության վերականգնմամբ հայապահպանության խնդիրներն աշխարհում դադարել են լինել միայն Սփյուռքի կազմակերպությունների մտահոգությունը: Դրանք բոլորիս հանձնառությունն են: Ավելին` հայոց լեզվի նահանջը որոշ գաղթօջախներում սրություն է հաղորդել մեր կրթական հիմնահարցերին: Մենք խիստ կարեւորում ենք նման խորհրդաժողովների անցկացումը, ինչպես նաեւ սփյուսքահայ կրթական հաստատությունների հետ աշխատելու մյուս` ոչ պակաս արդյունավետ ձեւաչափերը",- ասել է Տիգրան Սարգսյանը։