Երևանում մեկնարկել է Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը
11:26 10.08.2012
ՀՀ գիտության և կրթության նախարարությունն արդեն 5-րդ անգամ կազմակերպում է Համահայկական կրթական խորհրդաժողով, որին այս տարի մասնակցում են 150 գործիչներ 25 երկրներից։Խորհրդաժողովի մեկնարկը տրվեց Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում էր.«ՀՀ-ն պարտք ու պարտականություններ ունի ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև Սփյուռքում բնակվող հայերի նկատմամբ:
Հայապահպանության խնդիրները դադարել են լինել միայն սփյուռքի մտահոգության խնդիրը: Մենք խիստ կարևորում ենք նման խորհրդաժողովների անցկացումը և կրթական կենտրոնների հետ համագործակցությունն այլ ձևերով: Հայոց լեզվի և հայության պահպանության դարավոր երթը շարունակվում է ձեր շնորհիվ: Վստա՛հ եղեք, որ, ի դեմս հայոց պետականության, դուք ունեք հուսալի թիկունք»:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հարյուրավոր հանդիպումներ է ունեցել սփյուռքահայերի հետ, բայց իր համար առանձնահատուկ նշանակություն ունի ուսուցիչների ու կրթական գործի կազմակերպիչների հետ հանդիպումը:
«Դարերի ընթացքում բաժան-բաժան եղած մեր ժողովուրդը, ուր որ եղել է, հիմնել է մշակութային կենտրոններ, իսկ դրանց կողքին միշտ ստեղծել է դպրոց ու հայերեն լեզվի կենտրոններ: Դուք անում եք ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները կարողանան մեր ոսկեղենիկը սովորել»,- ասաց տիկին նախարարը:
Խորհրդաժողովը կանցկացվի օգոստոսի 10-14-ը, որի քննարկման նյութ են դառնալու 2010 թ-ի 4-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրամեթոդական առկա հիմնախնդիրները, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախագծվող միջոցառումները, ինչպես նաև Սփյուռքում ազգային–կրթադաստիարակչական գործի աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը:
Առաջին անգամ խորհրդաժողովն անցկացվել է 2004թ-ին: Այն անցկացվում է երկու տարին մեկ պարբերականությամբ: