Իրանին մտահոգում է հայ-ադրբեջանական շփման գծի լարվածությունը
Իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի՝ Ասիայի ու խաղաղօվկիանոսյան երկրների գծով փոխարտգործնախարար Աբբաս Արագչին անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
"Իրանը Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բարձր մակարդակով ունեցած հանդիպումների ժամանակ պատրաստակամություն է հայտնել աջակցել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Հայաստանի ու Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունեցող Իրանին, բնականաբար, մտահոգում է հայ-ադրբեջանական շփման գծի լարվածությունը: Իրանին մտահոգում է նաեւ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ ռազմական համագործակցությունը: Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնել ադրբեջանական կողմին, ով վստահեցրել է, որ դա ուղղված չէ Իրանի դեմ: Ներկայումս մենք լրջորեն ուսումնասիրում ենք նաեւ Ադրբեջանում ամերիկյան ռադարների տեղակայման հարցը: Եթե զգանք, որ այդ լուրերը լուրջ են, ապա մենք այդ մասին կհայտարարենք ադրբեջանական կողմին",- հայտարարել է Իրանի՝ Ասիայի ու խաղաղօվկիանոսյան երկրների գծով փոխարտգործնախարար Աբբաս Արագչին։